National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.06.2022
Հակոբ Արշակյանը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 10-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Կարեւորելով Միխայիլ Շվիդկոյի այցը մեր երկիր՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է, որ այս տարին հոբելյանական է. նշվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը: Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կտա հոբելյանական տարում նախատեսված միջոցառումներին»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության օրակարգին՝ համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջեւ գործընկերային հարաբերություններն անշեղորեն զարգանում են: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է այն փաստը, որ այս տարվա ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ հատվածում  կանգնեցվեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը:

Միխայիլ Շվիդկոյը եւս բարձր է գնահատել երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մակարդակը եւ հավելել, որ երկու երկրների միջեւ ակտիվ զարգանում են կապերը մշակութային, կրթական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Հյուրի խոսքով՝ իրենք հետաքրքրված են, որ պատմականորեն այնտեղ ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ եւ արժանապատիվ կյանքը: Այս հարցում Միխայիլ Շվիդկոյն ընդգծել է ռուս խաղաղապահների դերակատարությունը:

Քննարկվել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am